Ալիևը հայտարարել է, իբրև թե Արցախի ղեկավարությունն է ստիպել բնակիչներին տեղափոխվել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

ալ

Ադրբեջանի նախագահը պնդում է՝ «այսպես կոչված ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի տեղի բնակչության շրջանում և ստիպել նրանց տեղափոխվել Հայաստան»։ Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլուգեի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները խոսել են նաև Արցախում տիրող իրավիճակից։

Իլհամ Ալիևի խոսքերով՝ «ներկայումս Ադրբեջանի բժշկական անձնակազմը ծառայություններ է մատուցում Ստեփանակերտի տեղի բնակչությանը», «առօրյա կարիքները հոգալու և սնունդ տրամադրելու համար տեղում ծառայություններ են մատուցում համապատասխան հաստատությունները»։

«Երկրի ղեկավարը հայտարարել է, որ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները, ինչպես նաև պատմական, կրոնական և մշակութային հուշարձանները պահպանվում են ոստիկանության կողմից, իրականացվում է էլեկտրամատակարարում։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս ամենը Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագրի պատրաստակամության և իրականացման ցուցիչ է», - ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրությունում։

--00--ԼՀ