Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

գգ

Մենք իսկապես հավատում ենք, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն։ ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, և մենք բանակցություններում ներգրավված ենք բարեխղճորեն և կառուցողական կերպով: Այդ մասին «Arab News» պարբերականին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Պետք է նշեմ, որ դեռևս կան մի քանի կարևորագույն հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից։ Առաջին խնդիրն, իհարկե, սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման խնդիրն է: Մենք համոզված ենք, որ գործընթացը պետք է ընթանա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- նշել է նա:

Միրզոյանը, կրկին խոսելով կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագրից, ասել է, որ իրապես կարծում են՝ եթե Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային կապուղիներն ապաշրջափակվեն՝ ներառյալ ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհներն ու երկաթուղիները, դա շահեկան կլինի ոչ միայն տնտեսական առումով, այլև կդառնա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության էական գործոն։

--00—ՍՊ