ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է անցկացնում Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ներկայացուցիչներն աշխատանքային այցով  Գյումրիում են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաշխարհային մշակութային ժառանգության մասնագետները կուսումնասիրեն քաղաքի պատմական կենտրոնի կառույցների անվտանգությունն ու  տեղի մասնագետների հետ կմշակեն ուղեցույց՝ քայլ առ քայլ ներկայացնելով տվյալ կառույցների պահպանման տեխնիկական նկարագիրն ու  անվտանգության նորմերի փաթեթը:

Լրագրողների հետ ճեպազրույցում մասնագետները  տեղեկացրին՝ թեև իրենք չեն որոշում տվյալ քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս լինելու հարցը, բայց նմանատիպ տեխնիկական ուսումնասիրությունն  անչափ կարևոր է, քանի որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվանական փաթեթն ունենալու համար անհրաժեշտ է երկու բաղադրիչ՝ արժեքների գնահատում և երկրորդ՝  պաշտպանություն ու պահպանություն:

«Շեշտը հատկապես աղետների ռիսկերի կառավարման վրա է դրված: Հայկական կողմը պետք է կարողանա պատասխանել այն հարցին, թե ինչպես է պետությունը, կամ համայնքը պատրաստվում պահպանել պատմամշակութային ժառանգությունը, որ հաջորդ երկրաշարժը չկարողանա վնասներ հասցնել»,- նշեց ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին:

Մասնագետները նշեցին, որ  քաղաքի պատմական միջուկի շինությունները լուրջ վնասվածքներ ունեն, շատերն  անգամ փլված են, բայց անհանգստանալ պետք չէ: «Գյումրու պատմական միջուկն ընդհանուր կառուցվածքով լավ վիճակում է: Դա առաջին տպավորությունն է, բայց կան նաեւ կառուցվածքային թույլ կողմեր: Խնդիրը հիմնականում այդ կառուցվածքային էլեմենտների կապի մեջ է: Իմ տպավորությունն այն է, որ երբ ժամանակը գա, կարողանալու ենք հեշտությամբ կարգավորել խնդիրը»,-նշեց Ջիովաննի Բոկկարդին՝ հավելելով, որ թեև մասնագետները մեկ  օր  է, ինչ Գյումրիում են, բայց արդեն տպավորված են. «Մենք տպավորված ենք 19-րդ դարի կառույցներով, որոնք իրենց մեջ կրում են ավելի վաղ շրջանի տարրեր: Այդ խառնուրդն է շատ հետաքրքիր»:

Հյուրերը նշեցին՝ համաշխարհային այս կառույցի ցանկում ընդգրկվելը երկարատև  գործընթաց է՝ քաղաքը պետք է ունենա  բացառիկ արժեքներ, որոնք  հայկական կողմը  պետք է հիմնավորի:  Մինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ժառանգության մասը  դառնալը, Գյումրին պետք է ընդգրկվի  Հայաստանի պատմական ժառանգության նախնական ցանկում, որից հետո  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  կողմից կկատարվի  գնահատում: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դառնալը քաղաքին կբերի ճանաչելիություն, որն  էլ իր հերթին զբոսաշրջիկների թիվը կավելացնի, որոշակի տնտեսական աճ  կարձանագրի,  բայց դրանով նաեւ լրջագույն պարտավորություններ է ստանձնում տվյալ երկիրը կամ քաղաքը: Որպես օրինակ կարող եմ բերել քաղաքային համակարգումները, այսինքն՝ կառուցապատումներն ինչպես պետք է արվեն, ինչ սահմանափակումներ կան եւ այլն: Երկրորդ պարտավորությունը վերաբերվում է մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներին: Այսինքն, թե ինչքան մարդ եւ ինչքան ֆինանս է անհրաժեշտ տվյալ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- բացատրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:

Հյուրերը քաղաքում կմնան մինչև օգոստոսի 23-ը: Այս ընթացքում կլինեն ոչ միայն շրջայցեր, այլ նաև  հանդիպումներ  տեղի մասնագետների հետ, իսկ մինչ այդ նրանց ընդունել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news