ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերբիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սերբիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) սեպտեմբերի 4-ին   իր հավատարմագրերն է հանձնել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչին (Aleksandar Vučić)։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախագահ Վուչիչը հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը նշել է, որ հայ-սերբական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ և վերահաստատեց իր հանձնառությունն ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-սերբական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։