Մինչև երեկ հեղափոխական շրջանի ազդեցիկ դեմքերից էր Վանեցյանը, հիմա քննադատության թիրախ․ ԲՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները չեն շտապում գնահատական տալ՝ ասելով, որ  այս իրավիճակը դեռևս պարզաբանման կարիք ունի։

«Ներիշխանական որոշակի պրոցեսներ են: Քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է բացված լինեն այն հայտարարությունները, որոնք հնչում են այս երկու օրը։ Առայժմ հայտարարությունների բուն իմաստը բացված չէ, մի քիչ դժվար է տալ գնահատական, քանի որ ներիշխանական գործընթացներ են։ Իհարկե, մենք կարող ենք ենթատեքստեր փնտրել,  բայց կարծում եմ, որ պետք է մի քիչ հստակություն լինի ու նոր հնչի գնահատական»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Համաձայնելով գործընկերոջ հետ՝ Իվետա Տոնոյանը ևս նկատեց, որ այս պահին իրենք դեռ ամբողջությամբ չեն տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ է տեղի ունեցել։

«Հնչում են ակնարկներ, բայց այդ ակնարկների վրա դատողություն անելը սխալ է։ Այս գործընթացում ինձ զարմացնում է այն, որ հասարակության մեջ դրսևորվեց ցայտուն առճակատում։ Մինչև երեկ հեղափոխական շրջանի ազդեցիկ դեմքերից էր Արթուր Վանեցյանը, որին գովերգում էին, հիմա քննադատության թիրախ է, որն արժանանում է բուռն քննադատությունների»,- ասաց Տոնոյանը՝ հույս հայտնելով, որ լույս կսփռվի այս իրավիճակի վրա, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ կասի, թե ինչ էր ակնարկում հրաժարականի իր տեքստում։

ԲՀԿ-ական պատգամավորների ասելով՝ այս պահին գնդակը իշխանության դաշտում է։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news