ՊՆ փոխգնդապետին ծեծելու գործով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 20, 24News

 Գոռ Աբրահամյան
Լուսանկարում՝ մարզպետի օգնականն է

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Եղեգնաձորում ՊՆ փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հ.Գ.-ն: Գոռ Աբրահամյանը, մասնավորապես, գրել է.

«Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմզակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ.Գ.-ն:

Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը»:

Նշենք, որ Tert.am-ը այսօր տեղեկացրել է, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին, փոխգնդապետ Արա Մխիթարյանն էլ շարունակում է կոմայի մեջ մնալ: