Գիտաշխատողները բողոքում են՝ «մատչելի բնակարանը» հասանելի չէ ոլորտի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հասարակություն

Մի խումբ գիտաշխատողներ բաց նամակ են հղել ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանին։

Նամակում ասված է․

Գիտության զարգացման հիմնադրամի բնակարաշինության ծրագրին միջամտության անհրաժեշտության մասին

Գիտության զարգացման հիմնադրամը նախաձեռնել է ք. Երևան, Պարույր Սևակի 1/7 հասցեում (ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տարածքում) ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցների համար բազմաբնակարան շենքի կառուցում: http://sdfund.sci.am/news_view.php?arch=&id=40&langid=1 Նախաձեռնությամբ հետաքրքրված, գրանցված աշխատակիցներին տրամադրվել է գործընթացի պայմանների մասին տեղեկատվություն:

Պայմաններին ծանոթանալիս՝ տպավորություն է ստեղծվում, թե նախաձեռնությունը պարզ բիզնես գործարք է, որի ողջ նպատակը, Ակադեմիայի աշխատակիցների համար շենք կառուցելու մտադրության միջոցով վերջիններիս հընթացս գործընթացից դուրս մղելով, բնակարանների վաճառք իրականացնելն է: Մտահոգությունը հիմնված է այն փաստի վրա, որ կառուցապատողը որևէ երաշխիք չի տրամադրում շենքի կառուցման, ժամկետների պահպանման, դրանց խախտման դեպքում սեփական պատասխանատվության վերաբերյալ: Ավելին, սահմանված են վճարման այնպիսի պայմաններ, որ կարող է տպավորություն ստեղծվել, թե ԳԱԱ-ում աշխատում են դրամային միլիոնատերեր. այսպես, ԳԶՀ-ի կայքում տեղադրված պայմանագրի տիպային օրինակում սահմանվում է, որ բնակարանների վիճակահանությունից հետո 3 օրվա ընթացքում շահառուն պարտավոր է մուծել ողջ գումարի 30 %-ի չափով կանխավճար, որից հետո միայն կնքվում է պայմանագիր:

Ծրագրի մասնակիցների ու կառուցապատողի հետ կայացած հանդիպման ընթացքում այս բոլոր մտահոգությունները հնչեցվել են, և դրան հետևել է կառուցապատողի կտրուկ արձագանքն ու մեկնաբանությունն առ այն, որ սա սոցիալական ծրագիր չէ և սահմանված պայմանները փոփոխման ենթակա չեն: Այնուամենայնիվ, 2 օր առաջ ԳԶՀ-ի կողմից տրամադրվել է նոր տեղեկատվություն, ըստ որի՝ բնակարանների վիճակահանությունից հետո գնորդներին առաջարկվելու է նաև կանխավճարը 20 օրում վճարելու տարբերակ՝ հիպոթեքային վարկ ստանալու նպատակով: Դժբախտաբար, սակայն, պայմանագրի ռիսկային կետերի որևէ վերանայում տեղի չի ունեցել, ավելին՝ ԳԶՀ-ը որևէ պարտավորվածություն չի սահմանել կառուցապատման ժամանակ սեփական միջոցներ ցույց տալու կամ ներդնելու մասին, չի սահմանել նաև որևէ մեխանիզմ՝ հիպոթեքային վարկի ստացմանն օժանդակելու իմաստով: Ենթադրվում է, որ աշխատակիցները այս բնակարանաշինական ծրագրից օգտվելու համար պետք է կարողանանան գրավադրել երկրորդ անշարժ գույք ՝ հիպոթեքային վարկ ստանալու համար:

Ակնհայտ է, որ սահմանված պայմանները բոլորովին չեն բխում Ակադեմիայի աշխատակիցների հնարավոր ռեսուրսների իրական գնահատումից, ծրագիրը չի ստանձնում որևէ սոցիալական պատասխանատվություն և առնվազն կասկածելի է, թե ինչքանով է կառուցապատումը առնչվում ԳԶՀ-ի՝ գիտությունը զարգացնելու պարտավորություններին:

Ակնկալում ենք Ձեր անմիջական միջամտությունը ԳԶՀ-ի այս նախաձեռնության մեջ գիտաշխատողների համար ողջամիտ պայմանների սահմանման հարցում՝ հաշվի առնելով, որ կառուցապատողը, նույնն է՝ ԳԶՀ, պատրաստակամ չէ գործարքից առաջ քննարկումների ու փոփոխությունների:

Միաժամանակ, կառուցապատողը/վաճառողը/ԳԶՀ-ը սահմանում է, որ նախատեսված պայմաններով վճարում չկատարելը հանգեցնում է ծրագրից ուղղակի դուրս մնալուն: Քանի որ վիճակահանությունը նախատեսված է 2019 թ. սեպտեմբերի 28-ին, ակնկալում ենք ներկայացված առաջարկությունների հետ կապված Ձեր գործուն միջամտությունը:

Մասնավորապես առաջարկում ենք՝

• Պարտադրել կառուցապատողին՝ նախատեսված պայմանները բխեցնել գիտաշխատողների շահերից, այլ ոչ թե բիզնես շահից, քանի որ նախաձեռնությունն իրականացնում է Գիտության զարգացման հիմնադրամը՝ Ակադեմիայի աշխատակիցների համար

• Պայմանագրում նախատեսել հստակ մեխանիզմներ՝ կառուցապատողի պարտավորությունների կատարման, դրանց նկատմամբ վերահսկողության ու խախտման դեպքերի համար

• Նվազեցնել առաջին կանխավճարի գումարը

• Պայմանագրում արտացոլել կառուցապատողի սեփական միջոցների ներդրման հարցը

• Որևէ արտոնյալ մեխանիզմ նախատեսել գույքի ձեռքբերման համար հիպոթեքային վարկի ստացման հարցում

• Սահմանել ողջամիտ ժամկետներ՝ հիպոթեքային վարկի համար դիմելու նկատառումներով

• Կառուցապատողին առաջարկել ուսումնասիրել ՀՀ-ում իրականացված սոցիալական բնակարանաշինության առավել հաջողված ծրագրերի փորձը՝ դրանք կիրառելու նպատակով։

Դիմող՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ծրագրի շահառուների խումբ