Ամուլսարի հետ կապված նոր փաստաթղթեր են ներկայացվել դատարանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Շրջակա միջավայրի նախարին դատի տված Ջերմուկի շուրջ երկու տասնյակ բնակիչների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը միջնորդել է Վարչական դատարանին, որպես հայցի ապահովման միջոց՝ արգելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը որևէ գործողություն իրականացնել Ամուլսարում։ Այս մասին այսօր Վարչական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբանը՝ նշելով, որ թեև առկա է տեսչական մարմնի որոշումը, համաձայն որի՝ Ամուլսարի հանքավայրում ներկայումս էլ որևէ գործողություն չեն կարող իրականացնել, մինչև Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի նկատմամբ ազդեցությունը գնահատելը, սակայն Վարչական դատարանի որոշումը ևս նոր հիմք կլինի, որպեսզի իրավական ուժով «Լիդիանը» որևէ գործողություն չիրականացնի Ամուլսարում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արծրուն  Միրզոյանի նախագահությամբ մեկնարկեց ջերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով նախական դատական նիստը։ Ջերմուկի շուրջ երկու տասնյակ բնակիչներ հայցադիմում են ներկայացրել՝ պահանջելով դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 2016թ. ապրիլի 29–ի՝ դրա հաստատումը։ Այսօրվա նիստում հայցվոր կողմի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը հայտարարեց, որ հայցադիմումը լրացվել է։

Մասնավորապես հայցվորները դատարանին են ներկայացրել նոր փաստաթղթեր՝ կապված «Էլարդի» զեկույցում նշված հանքի շահագործման դեպքում ի հայտ եկող այն գործոնների հետ, որոնք փորձագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել։ Փաստաթղթերից մեկն էլ վերաբերվում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գարիգորյանի՝ կառավարությանն ուղղված 13 կետից բաղկացած  գրությանը, որտեղ նշված է, թե ինչ նոր հանգամանքներ կան, որոնք փորձաքննության չեն ենթարկվել և պետք է ուսումնասիրվեն նոր տեսչական մարմնի ստուգման արդյունքում։ Երրորդ փաստաթուղթն էլ ըստ Վարդանյանի՝ վերաբերվում է նախորդ տարի տեսչական մարմնի ստուգման արդյունքում կայացրած որոշմանը, որով «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանից պահանջում են ձեռնպահ մնալ Ամուլսարում որևէ գործողություն ձեռնարկելուց, մինչև կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննության անցկացումը։

Այսօրվա նիստում պատասխանող կողմը հայտարարեց, որ դեռևս չի ծանոթացել հայցադիմումի լրացված տարբերակին, ինչի համար դատարանից ժամանակ խնդրեց։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 17–ին, ժամը 14։30–ին։