Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ապօրինիորդեգրում

 

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է Գարսանցյանին ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության բողոքը` միաժամանակ բավարարելով պաշտպանի բողոքը։

Գարսանցյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի դեկտեմբերի 20-ին բավարարելով նախաքննական մարմնի` Գարսանցյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, արձանագրել էր հիմնավոր կասկածի առկայություն, բայց միաժամանակ բավարարել պաշտպանի միջնորդությունը` թույլատրելի համարելով գրավի կիրառումը։ Այդպիսով, Գարսանցյանն ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատախազությունը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել ազատ արձակելու որոշման, իսկ պաշտպանը` հիմնավոր կասկածի առկայության դեմ։

Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով` ավելի վաղ նաև Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Գարսանցյանի ձերբակալման որոշումը։

Անուշ Գարսանցյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Նույն քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակում է ևս չորս անձ։ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։ Վերաքննիչ դատարանը օրերս մերժել էԱբրահամյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը, նա այժմ ազատության մեջ է։

Մերժվեց նաև գործով մյուս մեղադրյալ` քաղաքացի Դիանա Գրիգորյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը։ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու կամ ավելի երեխաների առք ու վաճառքի փորձը):

«Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը): Դատախազությունը բողոքարկել է նաև Ջերջերյանին ազատ արձակելու որոշումը, բողոքը դեռ քննության փուլում է։

Մյուս մեղադրյլալն էլ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն (մեկ ամիս առաջ նա ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն) Լիանա Կարապետյանն է։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Կարապետյանին գրավի դիմաց ազատ արձակվելու դեմ Դատախազությունը բողոքը օրեր առաջ բավարարվել է, և այժմ Կարապետյանը կալանավորված է։

Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին: