Արցախում մեր գործունեությունը սկսում ենք մի շարք ծրագրերի իրականացման տեսլականով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի Արցախի մասնաճյուղի աշխատանքների, մասնաճյուղի ղեկավարի եւ մեկնարկող հրաշալի ծրագրի մասին!!

Հարգելի գործընկերներ,
Ինչպես հիշում եք, անցած տարվա դեկտեմբերին հայտարարել էինք, որ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» կազմակերպությունը պատրաստվում է մասնաճյուղ բացել Արցախի Հանրապետությունում։ Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ կազմակերպության Արցախի մասնաճյուղի գրասենյակի ղեկավար է ընտրվել Գոռ Գրիգորյանը, իսկ մեր գրասենյակը գործելու է Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Մարտունի 1 հասցեով։

Արցախում մեր գործունեությունը սկսում ենք մի շարք ծրագրերի իրականացման եւ շարունակական ընդլայնման տեսլականով։
Այս առումով ցանկանում ենք նշել, որ Արցախում մեր գործունեության մեկնարկը սկսում է դպրոցականների եւ ուսանողների համար գիտավերլուծական մրցույթով։ Եվ այսպես՝ մենք հայտարարում ենք մրցույթ հետեւյալ թեմաներով՝
• «Կրթության իրավունքի պատշաճ իրացումը չճանաչված պետություններում»
• «Արցախի հիմնախնդրի իրավական կոնտեքստը»
• «Կեղծ լուրերը եւ տեղեկատվական անվտանգությունը»
Նշված թեմաներով մրցույթին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության բուհերում սովորող ուսանողները՝ (ոչ միայն իրավաբանական ֆակուլտետի) մինչեւ սույն թվականի մարտի 5-ը ուղարկելով իրենց աշխատանքները [email protected] էլեկտրոնային հասցեով կամ առձեռն հանձնելով մեր գրասենյակ։
Մենք նաեւ հայտարարում ենք շարադրությունների մրցույթ՝ Արցախի 8-12-րդ դասարանի դպրոցականների համար՝ «Խոսքի ազատության իմ սահմանումը» թեմայով։ Շարադրությունները կարող եք մինչեւ սույն թվականի մարտի 1-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ առձեռն հանձնել մեր գրասենյակ։
Մրցութային տեղեր զբաղեցրած ուսանողներին եւ դպրոցականներին սպասվում են մրցանակներ, այդ թվում՝ դրամական պարգեւներ։
Աշխատանքները սահմանափակված չեն որեւէ ծավալային շրջանակներով, սակայն պետք է լինեն հեղինակների ինքնուրույն ստեղծագործական աշխատանքի արդյունքը։
Մենք անհամբերությամբ սպասում ենք ձեր աշխատանքներին, քանի որ չափազանց կարեւորում ենք նշված թեմաներով Արցախի երիտասարդների դիտարկումները եւ դատողությունները։
Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց աջակցությունը ցուցաբերել Արցախում իրականացվող մեր ծրագրերին կարող են իրենց նվիրատվությունները կատարել հետեւյալ հաշվեհամարով 19300978022500 («Կոնվերս բանկ» ՓԲԸ)»։