Մակունցը հրապարակել է վերջին 2 շաբաթների ընթացքում ընդունված որոշումների հերթականությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

լիլիթ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներիկայացնելով վերջին երկու շաբաթների՝ կառավարության ընդունած որոշումների հերթականությունը՝ ըստ օրերի։ 

«Կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր քրոնոլոգիա.

Փետ. 24 - Փակվեց Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների և քաղաքացիների վերադարձի համար: Հետագայում սահմանը փակվեց ամբողջությամբ: Միաժամանակ ժամանակավոր դադարեցվեց Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը: Սկսեցին ձեռնարկվել արտակարգ միջոցառումներ:

Մարտ 1 - Հայաստանում հայտնաբերվեց մեկ դեպք: ՀՀ քաղաքացին վերադարձել էր հայրենիք Իրանից: Ծաղկաձորում մեկուսացվեցին շփված բոլոր անձինք:

Մարտ 2 - Հայաստանում դպրոցները փակվեցին մեկ շաբաթով:

Մարտ 10 - Իտալիայում հայտարարվեց ամբողջական կարանտին:

Մարտ 11 - Հայաստանում գրանցվեց 3 նոր դեպք Իտալիայից ժամանած անձանց շրջանակում:

Մարտ 11 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց ՊԱՆԴԵՄԻԱ:

Մարտ 12 - Հայտնաբերվեց Էջմիածնի դեպքը: Կտրուկ միջոցառումներ սկսեցին ձեռնարկվել:

Մարտ 12 - Մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակվեցին Հայաստանում:

Մարտ 12 - Դադարեցվեց քարոզարշավը, վարչապետը վերադարձավ արձակուրդից, պետական կառավարման ողջ համակարգն անցավ արտակարգ ռեժիմի:

Մարտ 13 - Չեխիան հայտարարեց կարանտին: Գերմանիայի և Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, 15 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է:

Մարտ 14 - Փակվեց Վրաստանի հետ սահմանը՝ բացառությամբ բեռնափոխադրումների:
Փակվեցին թատրոնները, գրադարանները եւ այլ մշակութային օջախներ, արգելվեցին բոլոր հանրային միջոցառումները:

Լրացուցիչ տեղեկություն. օրական օդային և ցամաքային ճանապարհով մուտքը Հայաստան կազմում է միջինում 3000 անձ: Այսինքն՝ 2 շաբաթվա կտրվածքով այդ թիվը կազմում է շուրջ 42.000-45.000 մարդ: Այս պատճառով է, որ կառավարությունը առաջնահերթ ինքնամեկուսացման հորդոր է հնչեցրել»:

Նշենք, որ մարտի 15-ին կորոնավիրուսի հետ կապված հայտարարությունների նմանատիպ ցանկ էր հրապարակել նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ այդ թվում ներկայացնելով նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոչերը՝ կապված ստեղծված իրադրության հետ։