Նրանք ի ցույց են դնում իրենց մարդկային տեսակը․ Մակունցը՝ ընդդիմության «հրճվանքի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ընդդիմության «անթաքույց հրճվանքին», նաև հիշեցրել՝ ինչպես էր իրեն դրսևորում 2016 թվականի ապրիլյան պատերազմի կամ H1N1 վիրուսի բռնկման օրերին այն ժամանակվա ընդդիմությունը։

«Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ապազգային, անհայրենիք, անզուսպ ու անթաքույց հրճվանքը, որ տեսնում ենք իշխանությունը կամ պաշտոնները կորցրած որոշ անձանց կողմից, քաղաքացիները քաղաքական առումով անհետևանք չեն թողնելու: Դա է ցույց տվել մեր նորանկախ պետության պատմությունը:

Ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, թե ինչպես է իրենց ընդդիմությունը (որի մի մասը նաև մենք էինք) իրեն դրսևորել, օրինակ, 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կամ H1N1 վիրուսի բռնկման ժամանակ և ինչպես են հիմա իրենք վարվում: Ինչպես այն ժամանակ որպես ընդդիմություն ենք մտածել մեր յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին (լավագույն օրինակը՝ թավշյա հեղափոխությունը), այնպես էլ հիմա՝ որպես պաշտոնյաներ, հոգ ենք տանում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին և ձեռնարկում ենք ու ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Իսկ նման պահվածքով նրանք ոչ միայն ի ցույց են դնում իրենց քաղաքական, այլև մարդկային տեսակը, որը մերժելի է բոլոր ժամանակներում՝ անկախ նրանից, թե ով է իշխանության»,-գրել է Մակունցը: