Վահագն Հարությունյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News 

իրավական

Վերաքննիչ դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատախազի բողոքը։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ մերժման հիմքերին ծանոթ չեն, քանի որ դեռևս չեն ստացել դատական ակտը։

Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Սոնա Գրիգորյան