Կորոնավիրուսը հիշեցում է սառը ցնցուղ,ուղերձ Աստծուց,որ ինչ-որ բան սխալ էր այս մոլորակի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News     

1014364.jpg

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր վեբինար է անցկացրել «Ֆասթ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ: Նրանց զրույցի հիմնական թեման եղել է նոր տեսակի կորոնավիրուսը, դրա հետևանքներն ու հաղթահարման ձևերը: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ վաղ թե ուշ աշխարհը փոխվելու էր, և կորոնավրուսը միայն պատճառ դարձավ այդ փոփոխություններն արագացնելու, իսկ ընդհանուր առմամբ, կոչ է արել մատների արանքով չնայել վիրուսին:

«Ի՞նչ է կորոնավիրուսը: Մի վարակ, սկզբունքորեն ոչ մի բան: Վարակ, որին ենթարկված ենք եղել տարբեր ձևերով հազարամյակների ընթացքում, բայց այս մեկը հսկայական չափերի է հասել: Միջնադարում շատ ավելի շատ մարդիկ են մահացել վիրուսներից, բայց այս մեկը հատուկ վարակ է, առանձնահատկություններ ունի:

Կորոնավիրուսը աշխարհը փոխել է և ոչ մի բանից դառնում է ամեն ինչ շատ կարճ ժամանակահատվածում, նայեք, թե ինչպես են պայքարում աշխարհում, ինչպես է այն անդրադառնում տնտեսության վրա, մեծ ազդեցություն է ունենում մշակույթի վրա, բոլոր թատրոնները դատարկ են: Ինչպիսին աշխարհը կլինի կորոնավիրուսիսց հետո, դժվար է պատասխանել: Աշխարհը, միևնույն է, փոխվելու էր, և կորոնավիրուսը ընդամենը հիշեցում է, սառը ցնցուղ, ուղերձ Աստծուց, որ ինչ-որ բան սխալ էր այս մոլորակի վրա և պետք է վերլուծել:

Աշխարհն այլևս նույնը չի լինելու, և իրողությունը նաև այն է, որ եթե փորձենք գիտնականի աչքերով նայել, սա փորձարկում է, փորձություն անձանց համար, ընտանիքի համար, փորձություն մարդկային լինելու, մարդկանց օգնելու կարողության բացահայտման համար:

Մեծ փորձություն է նաև բիզնեսի համար, կարիքավորների ու նույնիսկ միջպետական, միջկառավարական հարաբերությունների համար: Փորձությունը շարունակվելու է, և իմ եզրակացությունն այն է, որ աշխարհը փոխվել է, և եթե ուզում ենք հաջողել, պեˊտք է փոխվենք նաև ինքներս»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: