Ուկրաինայի Ռադայի պատգամավորը կոչ է արել ճանաչել եղբայր ժողովրդի Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

sluga

Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը կոչ է արել ստորագրել 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանի խնդրագիրը: Այդ մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան էջում, հայտնում է «AnalitikaUA.net»-ը:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր երկիրը դրանց թվում չէ»,- գրել է Դմիտրուկը և հավելել, որ խնդրագրի ստորագրումը կարևոր է Ուկրաինայում բնակվող հայկական սփյուռքի համար:

«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար՝ մշտապես շփվում եմ հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ և հրաշալիորեն հասկանում, թե ինչքան կարևոր է Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Չի կարելի անտարբեր լինել և փակել աչքերը մեր եղբայր ժողովուրդների պատմության նման արյունոտ էջերի վրա»,- գրել է Արտյոմ Դմիտրուկը: