Շատինի միջադեպով ահազանգ է եղել․ խոսվում է մարզպետի խորհրդականի մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

հասարակական

Հունիսի 30-ին ժամը 23:40-ին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում միջադեպ է տեղի ունեցել բնակիչների միջև։ Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ միջադեպին մասնակցել է նաև մարզպետի խորհրդական՝ ՔՊ-ական Նարեկ Մարտիրոսյանը։ 

Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը միջադեպի ժամանակ այնտեղ չի եղել, չի մասնակցել։

«Շատինում կրակոցներ չեն եղել, ընդամենը գյուղավարի վիճաբանություն է եղել գյուղացիների և Վարդան Սմբատյանի միջև, քաշքշել են միմյանց։ Նստել, իրար հետ խոսել են, անցել, գնացել ա։ Ոչ մի կրակոց, կռիվ, ղալմաղալ չի եղել։ Նարեկ Մարտիրոսյանի անունն լ չգիտենք՝ ով է ուզում պղտորել, ցեխ շպրտել անվան վրա, բայց ինքն էնտեղ չի եղել», - ասաց Ստեփանյանը։ 

Համայնքի ղեկավարի խոսքով՝ միջադեպի պատճառը կարող է կապված լինել մեքենայի որևէ խնդրի հետ, հնարավոր է՝ ինչ-որ բան սարքին չի եղել, դրանից է սկսվել ամեն ինչ։ 

Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը 24News-ի հետ զրույցում ևս հերքեց մարզպետի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանի մասնակցությունը միջադեպին։ 

«Առավել ևս հերքում ենք հրազենային որևէ զենքի կիրառումը։ Շատ բաներ կարող են պնդել, բայց իրականությանը չեն համապատասխանում մամուլում հրապարակված տեղեկությունները», - ասաց փոխմարզպետը։ 

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 24News-ին հայտնեցին, որ հունիսի 30-ին ժամը 23:40-ին խուլիգանության մասին ահազանգ են ստացել։ Ահազանգողը հայտնել է, որ իրեն հարվածել են, վնասել են առանձնատան դիմաց կայանված մեքենան։

Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հաղորդում: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, հանգամանքները պարզվում են:

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս