Ոստիկանները դատավոր Հրանտ Նազարյանին թույլ չեն տվել մտնել ՍԴ շենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

քաղաքական

Սահմանադրական դատարանի շենքի դիմաց միջադեպ է եղել ոստիկանության աշխատակիցների և լիազորությունները դադարեցված ՍԴ անդամ Հրանտ Նազարյանի միջև։ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք, սակայն ոստիկանության սպաները խոչընդոտել են նրա մուտքը։ Այդ մասին 24News-ին հայտնեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Իմ տեղեկություններով՝ Նազարյանն այդպես էլ չի կարողացել մտնել ՍԴ։ Սա առաջին այսպիսի միջադեպն է։ Հավելյալ մանրամասների չեմ տիրապետում, քանի որ ներկա չեմ եղել տեղի ունեցածին», - ասաց Ղազարյանը։

Այն հարցին, թե մինչև այս Հրանտ Նազարյանը գալի՞ս էր աշխատանքի, ՍԴ աշխատակազմի ղեկավարը չմանրամասնեց, միայն նշեց, որ Հրանտ Նազարյարյանը բացակայել էր հունիսի 30-ի ՍԴ նիստից։ 

24News-ը փորձեց նաև կապ հաստատել Հրանտ Նազարյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։ 

ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից 24News-ին փոխանցեցին, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք․

«22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և 26. 06. 2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:  Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով», - հայտնեցին ոստիկանությունից։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս