Առկա սահմանափակումները չպետք է ազդեն մարտական խնդիրների կատարման վրա. ՓԾ խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News 

հասարակական

ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Այն մեկնարկել է շնորհավորական խոսքով: Նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ԱԻՆ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել:

Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Լողասեզոնն ավարտված է, սակայն նախարարի հանձնարարականով շաբաթ և կիրակի օրերին Սևանա լճի լողափերում ուժեղացված հսկողությունը կշարունակվի: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Մարզային փրկարարական վարչությունների փրկարարների կողմից վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի ուսումնական հաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Սեպտեմբերի 4-ն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Խոշոր միջոցառումներ չեն անցկացվի: ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանին զեկուցվել է, որ Մարզային փրկարարական վարչություններ այցելելու ցանկություն են հայտնել մարզերի և համայնքների ղեկավարները, որպեսզի շնորհավորեն տոնի առթիվ: Հանդիպումները լինելու են բացօթյա՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում տեղի ունեցած պայթյունից հետո կատարած գրագետ և կազմակերպված գործողությունների համար: Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ ընդգծելով, որ բարդ տարի է, թուլանալու իրավունք չունեն: «Շարունակելու ենք նույն տեմպով՝ ամեն ինչ անել, որ համավարակի պայմաններում առկա սահմանափակումները չազդեն արձագանքման մարտունակության վրա»,- ասել է ՓԾ տնօրենը:

--0--ԿԿ