Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սյունիքի մարզի ԶՈՒ ենթակառուցվածքներին․ ԱԳՆ

ԵՐԵՒԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ:

«Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ: 

Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հատկանշական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադ բնակավայրի հրթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելաոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱՀ