Բերձորից, Աղավնոյից և Սուսից տարհանում չի լինի. 26 բնակվայր հանձնում ենք Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը 24News-ի հետ զրույցում հայտնել է, որ Բերձոր,  Աղավնո և Սուս համայնքներից բնակիչների տարհանում չի իրականացվում:

«Հիմա ես երթևեկում եմ Բերձորով, ամեն ինչ նորմալ է»,-ասաց Ալավերդյանը: 
Նա նշեց, որ պայմանավորվածության  համաձայն, ադրբեջանական կողմը ժամը 12:00-ից հետո մուտք կգործի Լաչինի (Քաշաթաղի) տարածք:

Ալավերդյանի խոսքով՝ բնակիչների, անհատների մոտ խուճապ, իհարկե, կարող է լինել, բայց, ամեն դեպքում, խաղաղ բնակչությունը այս պահին ապրելու, արարելու խնդիր չունի:

«Ամբողջ հյուսիսային կողմը տվեցինք ադրբեջանցիներին՝ 26 բնակավայր, 3 բնակավայրերն են մնացել մեզ մոտ: Դժվար է ասել, որ այստեղ մարդիկ բնականոն կյանքով են ապրում, բայց ամեն դեպքում ապրում են, նորմալ է ամեն ինչ»,-նշեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապահովությանը,  որը կգործի դեկտեմբերի 1-ից (5 կմ լայնությամբ) Ալավերդյանը վստահեցրեց, որ  անվտանգությունը ապահովում են ռուսական խաղաղապահ զորքերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնում Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։ 

Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս