Մեզ հեղաշրջման փորձի մեջ մեղադրելը նույնն է, ինչ Փաշինյանին Գագարին հայտարարելը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

24News-ը զրուցել է ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, որոնց աջակիցները՝ ըստ ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված հաղորդագրության, մասնակցել են նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգություններին։

«Հայ Յեղափոխական Դաշնակության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ն կեղծ տեղեկություն է հայտնում։

«Մենք ո՛չ Կառավարությունում, ո՛չ ԱԺ-ում ակցիաների ժամանակ, ո՛չ էլ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելիս ներկա չենք եղել, այդտեղ դաշնակցության ներկայացուցիչ չի եղել։ Այս պահվածքով արդեն 37 թվականին էլ տվեցին, անցան։ Փաշինյանն իր սադրանքներով, սպառնալիքներով փորձում է փրկել իր աթոռը, սակայն դա չի ստացվելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի Հանրապետական» կուսակցությունից Էդուարդ Շարմազանովն էլ ընդգծեց, որ ՀՀԿ-ին հեղաշրջման փորձի մեջ մեղադրելը նույնն է, ինչ Փաշինյանին Գագարին հայտարարելը, ապա ավելացրեց, որ ԱԱԾ-ն սպասարկում է Փաշինյանի «клоунада»-ները։

Դե իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների ու հանրահավաքների։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ապացույցները փաստում են, որ զանգվածային անկարգություններին  մասնակից անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շենքերում և շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել են հանրությանը հայտնի՝ հակաիշխանական հայացքներ ունեցող և ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համախոհները, ովքեր մի շարք դեպքերում անձամբ են իրականացրել գույքի ոչնչացումներ, վնասումներ, տվել բռնություն գործադրելու կոչեր,  իրականացրել բռնի գործողություններ: 

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության  անդամները, Հայաստանի Հանրապետական կուսակցության  աջակիցները, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ և հարուցվել են քրեական հետապնդումներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս