Որոշ շրջանակներ լծվել են Վազգեն Մանուկյանի համբավն արատավորելու գործին․ ՀԽ նախկին խոսնակ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու առաջադրելուց հետո որոշ շրջանակներ ակտիվորեն լծվել են նրա համբավն արատավորելու և կեղտոտ տեխնոլոգիաներով նրա անվան շուրջ հակաքարոզչություն իրականացնելու գործին, ասված է Հանրային խորհրդի նախկին խոսնակ Անի Գասպարյանի տարածած պարզաբանման մեջ:

«Դրանցից մեկն էլ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում խորհրդի քննարկումներից մեկի ժամանակ Վազգեն Մանուկյանի խոսքը միտումնավոր կոնտեքստից կտրելու և այլ ենթատեքստով ներկայացնելու խղճուկ փորձերն են։
Ի՞նչ համատեքստում է հնչել խոսքը։

2017 թվականի հոկտեմբերի 19-ին Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկման էր դրվել  «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այդ ժամանակ հասարակության շրջանում ակտիվ քննարկումների կիզակետում էր։

Նիստին ներկա էին նաև պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկումը բավականին թեժ էր, եւ Վազգեն Մանուկյանի խոսքը հնչել է ընտանեկան բռնությունների կոնկրետ դեպքերի և նկարագրությունների վերաբերյալ բուռն քննարկման ժամանակ՝ ամենևին ուղղված չլինելով ընտանիքին, այլ ուղղված լինելով բռնության երևույթին։

Հետեւաբար, հասարակությանը մոլորեցնելու փորձերն անհեթեթ են ու անիմաստ», - ասված է պարզաբանման մեջ:

--00—ՄՀ