Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակումը երկարատև գործընթաց է. Զախարովա

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News  

Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ-ում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը, մասնավորապես՝ տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հարցերին:

Նա մեջբերեց համաձայնագրի համապատասխան դրույթը, ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, վերահսկողությունն իրականացնողը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունն է:

Զախարովան նշեց՝ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոր տրանսպորտային հաղորդակցության ուղիներ են լինելու՝ Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապող: 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշեց՝ տնտեսական ապաշրջափակումն ու նոր տրանսպորտային հաղորդակցման ուղիների շինարարությունը երկարատև գործընթաց է, և հարկավոր է դրանցում մասնագիտացված տարբեր կառույցներ ընդգրկել: Ըստ Զախարովայի՝ առավել հեռանկարային է երկաթուղային հաղորդակցման ուղին: 

Նա նկատեց՝ հիմնական հարցերը լուծվելու են ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից, նրանք հատուկ արձագանքման մեխանիզմներ են մշակել:

Ե՞րբ է իրականացվելու ադրբեջանցի փախստականների վերադարձի դրույթը: Այս հարցը Զախարովան խնդրեց հասցեագրել Բաքվին:

Անդրադառնալով հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարներին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նկատեց՝ կա պատմական դրական փորձ՝ երկու ժողովուրդների խաղաղ համատեղ գոյակցության. նրանք աշխատել են միասին, ընկերություն արել, ընտանիքներ կազմել: 

Նոյեմբերի 9-ի համաձայնագրով, ըստ Զախարովայի, ստեղծվում են իրական նախադրյալներ՝ երկխոսություն սկսելու համար, իսկ դա տարաձայնությունները հարթելու ամենալավ ճանապարհն է: Նրա խոսքով` պետք է գտնել կողմերի հետաքրքրությունների համադրման տարբերակ, գործարարների, գիտնականների, քաղաքացիական հասարակության միջև շփումներ պետք է հաստատվեն, բայց այս ամենը հնարավոր է պետությունների ղեկավարների քաղաքական կամքի դեպքում:

--00--ԱԹ