Դժվարությունները մեզ միավորեցին. Փաշինյանը՝ համավարակի և ԵԱՏՄ տարածքից հեռու լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար ձևաչափով:

Նիտի շրջանակում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է համավարակին ու դրա առաջացրած մարտահրավերներին, որոնք նշանակալից հարցեր են առաջացրել, բայց, ըստ վարչապետի, չեն հանգեցրել Միության գործունեության շրջանակների նեղացմանը:

«Հակառակը, դժվարությունները մեզ միավորեցին: Ավելին, նրանք ընդգծեցին արդյունավետ գործող ինտեգրացիոն միավորման կառուցումն ավարտելու գործընթացներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը, Միության, որի նպատակն է ստեղծել պայմաններ մեր տնտեսությունների հետագա մերձեցման և դրանց ինտեգրման մակարդակի բարձրացման համար:

Այս տեսակետը հաստատվեց հենց ճգնաժամի պայմաններում, որի հաղթահարման գործում անվիճելի է այն աջակցության կարևորությունը, որը մենք ստացանք և շարունակում ենք ստանալ մեր գործընկերներից: Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ համավարակի տարածմանը հակազդելու և այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում անգնահատելի օգնության համար»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ այսօրվա մարտահրավերները հաղթահարելու քայլերի համատեքստում Հայաստանի համար տնտեսական ծախսեր են ստեղծել աշխարհագրական հեռավորությունը և Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը:

«Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անարգել կապերը Միության մնացած երկրների հետ մեզ համար ունեն հիմնարար նշանակություն: Այս ոլորտում սահմանափակումները հատկապես զգայուն են, և, հետևաբար, ՀՀ քաղաքացիների ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքների վերացման համար պայմանների ստեղծումն այսօր արդիական նշանակություն ունի:

Ստեղծված պայմաններում տնտեսական կայունության ապահովման շրջանակում կցանկանայի նշել նաև «կանաչ միջանցքներ» ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի պարզեցմանը: Այս համատեքստում անառարկելի է մեր երկրների արտաքին տնտեսական կապերը պահպանելու համար միջոցառումների կիրառման կարևորությունը ինչպես բուն Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների և նրանց միավորումների հետ»,-ասել է Փաշինյանը:

Նշենք, որ նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություն նիստին մասնակցել է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու նապատակով նիստին մասնակցել են Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ