Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ երկրների համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում անդրադարձել է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» լրամշակմանն ու վերջնական համաձայնեցմանը, որը Հայաստանն առաջնահերթություն է համարում:

«Մենք պետք է փոխզիջումային լուծումներ գտնենք, որոնք թույլ կտան ավարտին հասցնել մեր ինտեգրացիոն միավորման համար այս չափազանց կարևոր գործընթացը:

Մենք հավատարիմ ենք համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշմանը: Մասնավորապես, համոզված ենք, որ Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը Միության ներսում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչ մասն է հանդիսանում: ՀՀ-ն իր գոհունակությունն է հայտնում ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորման առաջին փուլի շրջանակում անցած ժամանակահատվածում Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ»,-ասել է Փաշինյանը և հավելել, որ կցանկանար շեշտը երկրորդ փուլի կարևորության վրա դնել, որի հիմնական արդյունքը պետք է լինի Միության համար ընդհանուր գազի շուկայի ձևավորման համար ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքերի ստեղծումը:

«Այս կապակցությամբ մենք ևս մեկ անգամ համոզմունք ենք հայտնում, որ ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը կարևոր հանգրվան կդառնա Միության գործունեության և ինտեգրացիոն տարածքի զարգացման համար:

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին և ծառայություններին սակագնային արտոնություններ տրամադրելու հարցը: Կարծում ենք, որ խնդրի մշակման վերաբերյալ միջկառավարական խորհրդի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հնարավորություն կտա ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը համապատասխանեցնել ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին»,-ասել է Փաշինյանը և միաժամանակ նկատել, որ դա նաև կհանի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մակարդակով և ԵԱՏՄ դատարանի կողմից հարցը ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

 

Նշենք, որ նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություն նիստին մասնակցել է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու նապատակով նիստին մասնակցել են Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ