Փաշինյանը որևէ մեկին հրահանգ չի տվել իմ քարոզարշավը կազմակերպելու համար․ Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին որևէ հրահանգ չի տվել իմ քարոզարշավը կազմակերպելուն օգնելու համար։ Մի առիթով հրապարակայնորեն ասել եմ, որ Ալեքսանյանի՝ ինձ կամ որևէ այլ թեկնածուին չխանգարելnվ արդեն օգուտ է։ Եթե նա որևէ ձևով ինձ չխանգարի, արդեն օգուտ է»։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրը, թե «Փաշինյանի հրահանգով նախկին օլիգարխ և մենաշնորհների արքա, ներկայումս սեփականատեր և ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը կազմակերպելու գործին»:

Ըստ Հրաչյա Հակոբյանի՝ սա ակնհայտ ապատեղեկատվություն է, ինչը տարածվել է մինչև քարոզարշավի մեկնարկը։

«Դեռ քարոզարշավը չսկսած՝ տարբեր կայքեր, ֆեյսբուքի օգտատերեր լուրեր էին տարածում, թե Ալեքսանյանն այս կամ այն ռեյտինգային թեկնածուին է օգնում, այն էլ՝ Փաշինյանի հրահանգով։ Բացառվում է դա», - նշեց Հրաչյա Հակոբյանն ու հավելեց, որ Ալեքսանյանը նախորդ ընտրություններում նույն ընտրատարածքից բավականին շատ ձայներ է ստացել, այդ է պատճառը, որ նրա անունը փորձում են շահարկել։

Դիտարկմանը, թե Հրաչյա Հակոբյանը «Իմ քայյի» ցուցակի վերջին տեղում է, և դա ըստ մամուլում տարածված տեղեկությունների, հատուկ է արված, իբրև թե Փաշինյանն իր աներորդուն առաջնություն չի տալիս, բայց Սամվել Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ նա հազարավոր ձայներ կստանա ու կհայտնվի խորհրդարանում, Հակոբյանը պատասխանեց․

«Ես չգիտեմ մեխանիզմը՝ ինչպես կարող է Ալեքսանյանն օգնել ինձ։ Եթե ես հայտնվեցի ցուցակի մեջտեղում, ասելու էին՝ մեջտեղում է, եթե հայտնվեի 70-րդ համարում, ասելու էին՝ խնամի-ծանոթ-բարեկամով անցողիկ տեղում է, վերջին տեղում եմ, էլի ասում են՝ հատուկ է արված։»,- ասաց Հրաչյա Հակոբյանը։ 

Նա նաև ընդգծեց, որ թեև ցուցակի 131-րդ տեղում է, սակայն քարոզարշավի ընթացքում մարդիկ իրեն ճանաչում են․ «Վերջին տեղում լինելը չի խանգարում, մարդիկ ասում են, թե հենց դրա համար իրեն են ընտրելու»։