Մեկնարկում է «Սպորտային սերունդ – 2021» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

սերունդ

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» (ԿԶՀՀ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ այս տարի ևս իրականացնելու է «Սպորտային սերունդ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 25 հանրակրթական դպրոց համալրել 1 մլն-ական դրամ արժողությամբ սպորտային գույքով, կազմակերպել միջոցառումներ՝ իրազեկելով առողջ ապրելակերպի կարևորության մասին, խթանելով հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավումը սպորտային միջոցառումներում:

Ուսումնական հաստատությունները մարզագույքով համալրելու մրցույթին կարող են մասնակցել Երևանում և հանրապետության մարզերում գործող բոլոր հանրակրթական դպրոցները` մինչև 2021 թ.-ի մարտի 15-ը սպորտի կարևորության, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային հաջողությունների, նրանց՝ համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին պատմող և 10 րոպեն չգերազանցող տեսանյութեր ուղարկելով  [email protected] էլ. հասցեին: Այն դպրոցները, որոնք 2020 թ.-ին մասնակցել են մրցույթին, սակայն չեն ընտրվել հանձնաժողովի կողմից, կարող են կրկին մասնակցել՝ ներկայացնելով նոր տեսանյութ, իսկ անցյալ տարվա նույնանուն մրցույթում հաղթող ճանաչված դպրոցները չեն կարող դիմել:

Մրցույթի մասնակցության պայմանները

ցանկալի է ներկայացնել աշակերտների նկարահանած սիրողական տեսանյութեր,
հոլովակում աղջիկների և տղաների հավասար մասնակցությունը պարտադիր է, դպրոցի անձնակազմը ևս կարող է մասնակցել նկարահանումներին՝ տեսահոլովակում աշակերտներին աջակցելու համար,
անհրաժեշտ է ցույց տալ դպրոցի սպորտային պայմանները (դահլիճ, մարզագույք), առկայության դեպքում նշել սպորտի ոլորտում աշակերտների նվաճումները և ներկայացնել սպորտի դերն աշակերտների կյանքում,
հստակ ներկայացնել մարզագույքի կարիքը դպրոցում:
Առանձնակի ուշադրության կարժանանան այն տեսահոլովակները, որտեղ կմասնակցեն կրթական հատուկ կարիքներ, հաշմանդամություն ունեցող և փախստական (Սիրիա, Իրաք), ինչպես նաև Արցախից տեղահանված աշակերտները:

Ընտրության կարգը

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» կընտրի վերոնշյալ պայմաններին համապատասխանող տեսանյութեր, որոնք կներկայացվեն մրցութային հանձնաժողովի քննարկմանը: ԿԶՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը կկազմի լավագույն տեսանյութերն ուղարկած դպրոցների համառոտ ցանկ, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կիրականացնեն այցելություններ այդ դպրոցներ՝ պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով: Տեսանյութերի և այցելությունների հաշվետվությունների հիման վրա մրցութային հանձնաժողովը կհայտարարի հաղթող 25 դպրոցների անունները:

Տեսանյութը պետք է ուղարկել դպրոցի կողմից էլեկտրոնային նամակով՝ որպես նամակի նպատակ նշելով «Սպորտային սերունդ»-ՄՐՑՈւՅԹ 2021: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել դպրոցի մասին հետևյալ տեղեկատվությունը՝

դպրոցի անվանումը և հասցեն,
տնօրենի անուն/ազգանունը,
մրցույթի պատասխանատուի կոնտակտային տվյալները,
աշակերտների թիվը (աղջիկներ/տղաներ),
կրթական հատուկ կարիքներով աշակերտների թիվը,
հաշմանդամություն ունեցող աշակերտների թիվը,
փախստական (Սիրիա, Իրաք) աշակերտների թիվը,
դպրոցի կամ սպորտային դահլիճի վերջին անգամ արված կամ նախատեսված վերանորոգման տարեթիվը,
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից կամ այլ կազմակերպություններից սպորտային գույք ստանալու տարեթիվը,
առկա սպորտային գույքի վերաբերյալ տեղեկությունը:
Յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել միայն մեկ տեսանյութ: Հավելենք, որ մրցույթի շրջանակում չեն իրականացվում վերանորոգման աշխատանքներ:

--00—ՄՀ