ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Արցախի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժմանը, որն իր հանգուցալուծումն ունեցավ 2020 թվականին:
Այս համատեքստում նա գրել է.
«ՄԻԱՑՈՒՄ
Այս բառի խորիմաստությամբ սկսվեց շարժումը, այս կոչով ծավալվեց, այս երազանքով թափ առավ...
Ցանկացած երևույթ ունի սկիզբ ու վերջ: Վերջ, որից սկսվի նորը: Կարծես «Միացում»-ի մեր երազանքի վերջին ենք մոտեցել, բայց դեռ պետք է վերածնվենք, հզորանանք, վերականգնվենք, ձևակերպենք «Միացում»-ն իրավաբանորեն ու իրավունք չունենք այդ ճանապարհին հանձնվել, հոգնել, սխալվել: Պետք է հասնենք այդ վերջին այնպես, որ մեր ապագա սերունդներին նոր սկզբի հզոր հիմք փոխանցենք:
Իսկ մինչ այդ ապրենք «Հաջորդ տարի Շուշիում, Հադրութում, Թալիշում, Շահումյանում» կոչով։
Շնորհավոր Արցախի Վերածննդի օրը: Շնորհավոր ու Աստված պահապան համայն հայությանը»։
--00—ԼՄ