Պատերազմի հոտ է գալիս, իսկ Հայաստանում ԳՇ պետ է փոխվում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Դավիթ-Ջամալյան

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից կտրուկ գործողությունների ակնկալիք կար, իսկ ինչո՞ւ նա չարեց. բանակի՝ ավելի կտրուկ գործողությունների պարագայում ինչ-որ պրովոկացիաներ կլինեին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Կարծում եմ՝ բանակը ինչ-որ հանգուցալուծման սցենարի շուրջ պայմանավորվածության է եկել այս իշխանության հետ: Եթե դու ուզում ես խեղդել ընդվզումը, ինչ-որ պահի պետք է հիմնվես բանակի վրա, իսկ բանակը հստակ ասել է ոչ: Իշխանությունը ճնշելու ռեսուրս չունի»,- ասել է նա:

Ջամալյանի խոսքով՝ ուժային կառույցները այս պահին զբաղված են Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պաշտպանելով, սակայն ոչ՝ ընդվզումը ճշտելով:

«Մենք գործ ունենք անպատասխանատու իշխանության հետ: Պատերազմի հոտը գալիս է, պատերազմի շունչը զգացվում է Սյունիքի դարպասներին, իսկ Հայաստանում Գլխավոր շտաբի պետ է փոխվում ռազմական դրության պայմաններում»,- նշել է նա:

Ջամալյանի խոսքով՝ առաջիկա օրերը հստակ կդարձնեն, թե ինչի հետ գործ ունենք, ինչ-որ սադրանքներ կլինեն: Նա անդրադարձել է նաև վարչապետի և ԳՇ անձնակազմի հանդիպմանը:

«Միամտություն կլինի կարծելը, որ մեր զինվորականները չէին հաշվարկել, թե կապիտուլյանտին պետք էր այդ տեսարանը: Ինչի՞ դիմաց էր դա, հույս ունեմ՝ ինչ-որ հանգուցալուծում կլինի, և այդտեղ բանակի դերը վճռորոշ է»,- նշել է նա:

Ջամալյանը կարծում է՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի մտքով անգամ չէր անցնի պատերազմ սանձազերծել։

«Իրենք սպասեցին, որ Բակո Սահակյանն էլ հեռանա, նոր սկսեն։ Բակո Սահակյանի օրոք դավաճանական քայլերը բացառված էին։ Մեր աղետի պատճառը Նիկոլ Փաշինյանն է իր թիմով, սրանք եկան՝ լուծելու դավադիր իրենց խնդիրը՝ հանձնել Արցախը»,- ասել է փորձագետը:

--00--ԱԹ