Օնիկ Գասպարյանի գործով դատավորը մերժել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1

ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը մերժել է ինքնաբացարկի մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը, գրում է «Փաստինֆոն»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահի գործով դատավոր Մհեր Պետրոսյանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել։

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը նախագահող դատավոր Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, թե պատասխանողի մոտ գործի՝ անկողմնակալ և օբյեկտիվ լուծման առնչությամբ համոզմունք առկա չէ։ Ըստ Փաշինյանի ներկայացուցչի՝ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք, մասնավորապես, դատավորը, կայացնելով հայցի ապահովման միջնորդությունը բավարարելու մասին որոշում և այն առձեռն հանձնելով հայցվորին, նշված որոշումը ուշ է ուղարկել պատասխանողին:

Ընդ որում, նշվածի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ հայցվորի ներկայացուցիչները զանգվածային լրատվության միջոցներին հայտնել են որոշման բովանդակության մասին այն պայմաններում, երբ նշված որոշման կայացման մասին որևէ տվյալ առկա չէր:

Փաշինյանի ներկայացուցիչը նշել էր, թե ցանկացած անձի մոտ կարող է առաջանալ կասկած՝ նշված որոշման բովանդակության առավել վաղ բացահայտման առնչությամբ: Բացի դա՝ Փաշինյանի փաստաբանը որպես հիմք է նշել նաև այն հանգամանքը, որ դատարանը տվյալ գործով վերադարձրել է հայցադիմումը և «ex officio» սկզբունքի ուժով առաջարկել փոփոխելու հայցատեսակը, այն պայմաններում, երբ այդ պարտականությունը կարող էր իրացվել նաև գործը դատաքննության նախապատրաստելու փուլում: Ըստ փաստաբանի՝ տվյալ դեպքում բավարար փաստական հիմքեր առկա չէին ներկայացված պահանջները պատշաճ հայցատեսակով գնահատելու համար, ուստի Վարչական դատարանը պետք է ոչ պատշաճ հայցատեսակը փոխարինելու առաջարկը ներկայացներ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում՝ ունենալով դրա համար անհրաժեշտ բոլոր փաստական տվյալները:

«Արդյունքում, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ ոչ պատշաճ հայցատեսակը փոխարինելու առաջարկ ներկայացնելու դեպքում, նման առաջարկի իրացումից հետո անմիջապես հայցի ապահովման որոշման կայացումը դատավորի՝ տվյալ գործի նկատմամբ անկողմնակալության և անաչառության առումով կասկածներ է հարուցում: Մասնավորապես այն առումով, որ դատարանի առաջարկը պետք է ուղղված լիներ ներկայացված հայցը վիճարկման հայցով փոխարինելու, մինչդեռ այդ դեպքում հայցվորը չէր կարող դատարանից պահանջել կիրառելու հայցի ապահովման միջոց, այնինչ դատարանի մատնանշմամբ փոփոխված՝ ճանաչման հայցով նման միջնորդություն ներկայացնելու հնարավորություն է ստացել հայցվորը»,- նշված է միջնորդությունում։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։

Դատարանը նաև որոշում է կայացրել՝ ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին նախնական դատական նիստի օր նշանակելու մասին։

Առավել մանրամասն՝ այստեղ։

--00—ԼՄ