Տվյալների բազաների անբավարարությունը չպետք է պատճառ լինի աջակցություն չտրամադրելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

հասարակական

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթերի ներկայացման ժամկետային սահմանափակում պարունակող ծրագրերը պետք է զերծ լինեն տեխնիկական խոչընդոտների կամ օբյեկտիվ այլ պատճառներով ժամկետը բաց թողնելու դեպքում ծրագրից դուրս թողնելու մոտեցումներից: Նման յուրաքանչյուր դեպքում պետական մարմինները պետք է ապահովեն ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավական հնարավորություն և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն այդ իրավունքի պատշաճ իրացման համար:

Տվյալների բազաների անբավարարությունը չպետք է պատճառ հանդիսանա շահառուների դիմումները և սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու համար, յուրաքանչյուր անհատական դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն առկա խնդիրները պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ:

Պետք է ներդրվի հետադարձ կապի գործուն մեխանիզմ, որը կապահովի անճշտությունները սեղմ ժամկետներում շտկելու հնարավորություն:

Պետք է արդյունավետ աշխատանք տարվի սոցիալական ծրագրերի մատչելիությունը ապահովելու, դրանց նպատակները, շահառուների շրջանակը որոշելու եղանակները, ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ վարքագիծը հանրայնացնելու ուղղությամբ՝ ոչ բավարար իրազեկվածության պատճառով ծրագրի լրիվությունը խախտելու դեպքերը բացառելու համար:

Տեղահանված բնակչությանը տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը իրենց հիմքում պետք է կրեն արդարության և հավասարության տարրերը, լինեն միմյանց հավասարակշռող և յուրաքանչյուր ծրագրի շահառուի շահերը կլանող՝ բացառելով խտրականության որևէ դրսևորում»:

--0--ԿԿ