Արմեն Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն դատի են տվել Էդմոն Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Մելիքբեկյան Մարուքյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:

Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը Մարուքյանի տեսաուղերձն է եւ դրա բովանդակությունը, որոնք, ըստ իրենց գնահատման, պարունակում են զրպարտության հատկանիշներ:

Թե կոնկրետ ինչ զրպարտություն մասին է խոսքը, եւ որքան փոխհատուցում է հայցվորը պահանջում, Մնացականյանը չի ասել:

Նշենք, որ մարտի 17-ին Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով անդրադարձել էր «Լոռի» ֆուտբոլայի ակումբի Հայաստանի առաջնությունը լքելու որոշմանը:

Նրա խոսքով՝ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում: Մարուքյանը նշել էր, թե բոլոր ոլորտներում այս իշխանության բերած կադրերը իրենց պահում են ամենավերջին խայտառակ ձեւով:

«Ես ուզում եմ խստիվ դատապարտել ֆուտբոլի ֆեդերացիայի այս պահվածքը: Որքանով հասկանում եմ, քրեորեն հետապնդելի արարքների մասին փաստեր կան, շրջանառվում են նման տեղեկություններ: Հիմնավոր կասկած ունեմ, որ ՀՖՖ ղեկավարությունը ոչ միայն ապագայում դուրս է մնալու ֆուտբոլային աշխարհից, այլեւ անապագա վիճակում է հայտնվելու»,- ասել էր ԼՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ նրանց սպասվում է քրեակատարողական ապագա:

Մարուքյանի այս հայտարարությանը ՀՖՖ-ն արձագանքել էր՝ նշելով, որ վերջինս փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը: Իսկ քրեորեն հետապնդելի արարքների վերաբերյալ պահանջել էին փաստեր ներկայացնել կամ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար: Մարուքյանը սրան չէր արձագանքել, ինչին էլ հետեւել է այս դատական հայցը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս