Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ո՞վ է տուժում․ Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

1

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ո՞վ տուժում: Հակառուսական անիմաստ վայնասունը:

ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի: Այն մեզ անգամ մի միլիմետր չի մոտեցնելու տղաների վերադարձին:

Այդ քննարկումից շահում է Եվրոպան, մեր տղերքին Ալիևի ոտքերի տակ մատաղ արած պիղծը և սորոսական հակառուսական շրջանակները: Փիառվում են մի քանիսը: Տուժում են գերիները ու հայ-ռուսական հարաբերությունները:

1. Եվրոպան շահում է, քանի որ բոցաշունչ, բայց անարդյունավետ ելույթներով փորձում է կոմպենսացնել իր այսքան ամիսների լռությունը, ինչպես նաև այն, որ պատերազմի ընթացքում ձկան պես լուռ են եղել մեր հանդեպ ադրբոջանցիների կողմից կատարվող վայրենությունների նկատմամբ:

2. Եվրոպան շահում է, քանզի էլի առիթ ունի հակառուսական թեմաներ շոշափելու ու մեղադրելու ռուսներին: Դա այն դեպքում, երբ մի քանի ամիս է` իրենց համար ՀՐԱՏԱՊ հարցը Նավալնու հարցն է: Ի դեպ այս նստաշրջանին ևս: Ռուսները ոչ թե դեմ էին հայ ռազմագերիների հարցին այլ ԴեՄ էին, որ եվրոպացիները հերթական անգամ Նավալնու «հույժ» կարևոր թեման քննարկեն: Հարցերի քվեարկությունը միասին էր, ուստի պարզ է, որ ռուսական ազգային շահը պիտի գերակայեր: Այդ մենք ենք բոլորից պահանջում լինել հայից ավելի հայ, բայց ինքներս թալեաթի իրավահաջորդին չենք հեռացնում:

3. Մահերի, վիրավորների ու գերիների անմիջական պատասխանատուի համար լավ առիթ է իրականացնել « նոր Մուրադով» օպերացիան` այսինքն մեղավոր են ռուսները ու բոլորը, բացի իրենից:

4. Հակառուսական ու սորոսական շրջանակների, լրատվականների համար լավ առիթ է վայնասուն գցել, թե բա` տեսեք տեսեք ռուսները սա արեցին, նա չարեցին, և դա այն դեպքում, երբ Իրական մեղավորին, անգամ հարց չեն տալիս գերիների մասին: Իր ստորագրած գարշելի փաստաթղթի մասին:

5. Տուժում են գերիները ու նրանց հարազատները: Վերջինները, որովհետև ստահակների բանդան հերթական «դատարկ ինքնաթիռն» է բեմադրում ու խաբում մարդկանց, իսկ գերիները.... որովհետև դեռ դժոխքում են:

Հ. Գ. Երբ խոսում էի ԵԽԽՎ պատվիրակներից մեկի հետ, ով, ի դեպ, Ադրբեջանի վրա ազդեցություն ունեցողներից մեկն է, ցուցակներն էի թարմացնում, ներկայացնում իրավիճակը, նա մի քանի բան ասաց, հարցրեցի, թույլ տալի՞ս ես, որոշակի բաներ հրապարակեմ գոնե հարազատների համար, ինձ բառացի ասաց հետևյալը. « Եթե ուզում ես հաջողություն այս հարցում, ապա լռություն է պետք»: Ու ես լուռ մնացի: Հիմա ո՞ր մի տկարամիտն է ուզում մեզ համոզել, որ հրապարակային եղանակով ու հակառուսական ոճով բոցաշունչ ելույթները կօգնեն մեզ:

Գերագույն գլխավոր գերեզման պղծողի համար հաստատ միևնույն է ինչ կլինի, իսկ նրա թելը թելող լրագրողների, «վերլուծաբանների» ու մնացյալի համար է՞լ է տղերքի հարցը զուտ ՔԱՂԱՔԱԿԱՆ հարց ու ԱՌԻԹ ռուսների վրա հարձակվելու»:

--00—ԼՄ