Փաշինյանի բախտը երևի բերել է, որ Քաջարան մտնել չի կարողացել. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Փարամազյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաջարան համայնք չի մտել: Այս մասին 24News-ին հայտնեց քաղաքապետ Մանվել Փարամազյանն՝ ավելացնելով՝ «ինչպես գաղտագողի եկել էր, այնպես էլ գնաց»:

Համայնքապետը փոխանցեց, որ քաջարանցիները հավաքվել էին, որպեսզի իրենց սրտի խոսքն ասեն քաղաք այց կատարել պատրաստվող վարչապետին, բայց ըստ Փարամազյանի՝ նա «մազապուրծ փախել է քաղաքը շրջանցող մյուս ճանապարհով»: «Բախտը երևի բերել է, որ Քաջարան մտնել չի կարողացել, թե չէ մարդկանց զայրույթին ու ցասմանն էր արժանանալու»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա հաստատեց նաև տեղեկությունը, որ քաղաքի գերեզմանների մուտքի մոտ հավաքված են եղել 44-օրյա պատերազմում զոհված զինծռայողների ծնողները՝ թույլ չտալու, որ  Փաշինյանը փորձի մոտենալ իրենց զավակների կամ հարազատների շիրիմներին: «Ու լավ եղավ, որ չփորձեց անգամ մոտենալ, թե չէ պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կարող էր լինել, այդ մարդիկ, ծնողները ի՞նչ կարող էին անել»:

Դիտարկմանը, թե տարբեր շրջանակներ Սյունիքում կատարվող իրադարձություններին քաղաքական աստառ են տալիս,  Փարամազյանն արձագանքեց. «Ի՞նչ քաղաքականություն, ի՞նչ քաղաքական աստառ: Մարդիկ դուրս էին եկել իրենց սրտի խոսքն ասելու, ու էս ամենին քաղաքական աստառ տալը ճիշտ չի: Էն մարդը, որ էս ամենը քաղաքականության հետ կկապի, ուրեմն իլյուզաներով է ապրում: Քաջարանցին հասկանում է, գիտակցում է, որ էս իշխանությունն իր անվտանգությա երաշխավորը չի կարող լինել ու դուրս է եկել սրտում եղածն ասելու: Էստեղ քաղաքական որևէ տարր անգամ չկա»:

Հիշեցնենք, որ երեկվանից Սյունիքում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առավոտյան նա այցելել է Ագարակ և Մեղրի համայնքներ, որտեղ նրան տեղի բնակիչները դիմավորել են հայհոյանքներով ու սուլոցներով, թույլ չեն տվել այցելել զոհվածների գերեզմաններ։ Իրավիճակը Սյունիքի մարզում մնում է լարված։

--00--ԱԹ