Կառավարությունում չեն մեկնաբանում Աշոտյանի՝ Փաշինյանին ուղղված բանավեճի հրավերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

քաղաքական

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արդեն երկրորդ օրն է, ինչ չի պատասխանում 24News-ի զանգերին։ Դեռ երեկվանից փորձում ենք ճշտել, թե կառավարությունում ինչպես են մեկնաբանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված բանավեճի հրավերը։ 

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակավ Նիկոլ Փաշինյանին բանավեճի էր հրավիրել Արցախի հարցով։

«Անսահման սրիկա պետք է լինել, մոռանալով ՍԵՓԱԿԱն ԱԳՆ-ի և ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանները, պնդելու, թե Շուշիի հարց երբևէ քննարկվել է բանակցությունների ընթացքում: Անհուն դեգեներատ պիտի լինել, որ էլի հիստերիայի մեջ խոսել, թե ադրբեջանցիներն էլ հետո պիտի ինքնորոշվեին Արցախի ներսում․․․»,-գրել է Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի մայիսի 3-ի հայտարարություններին։

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 3-ին խորհրդարանում ասել էր, որ «կանցնեն տարիներ, կբացվի Արցախի հարցի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը և կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015 թվականի աշնանը և 2016-ի ձմռանը»:

Նա նշել էր՝ բանակցությունների բովանդակության փոփոխությունն ապացուցող փաստաթղթեր կան, որոնց հետ ինքն աշխատել է 2018 թվականին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո:

«Երբ կանցնեն տարիներ ու կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որտեղ նշված է, որ ենթադրվող հանրաքվեն ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պիտի լինի, բայց Սերժ Սարգսյանը մտահոգություն ունի, թե որքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ: Այս փաստից իմանում ենք, որ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ: Հարց, ըստ Սերժ Սարգսյանի հղման, ԼՂ բնակիչ ադրբեջանցիները որտե՞ղ պետք է բնակվեին: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել մերժվածին, որ այս առիթը տվեց, որովհետև երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին, որ երբեք չի եղել այդպիսի հարց բանակցային գործընթացում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է «5+2» ձևաչափին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել էր. «Եկեք խոստովանենք, որ այդպիսի հնարավորություն չի եղել, քանի որ դեռևս 2016-ին տված իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում էր 7 շրջանների մասին»:

--0--ԿԿ