Ադրբեջանցիները Սև լճի մոտ հետ են քաշվել ելման դիրքեր

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

Սև լիճ

Ադրբեջանական զինված ստորաբաժանումները, որոնք չորեքշաբթի վաղ առավոտյան առաջ էին եկել Սյունիքի Սև լիճ կոչվող տարածքում, բանակցություններից հետո քաշվել են ելման դիրքեր։ Այս մասին 24News-ին հայտնեցին Սյունիքի մեր աղբյուրները։ 

«Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ադրբեջանցիները քաշվել են հետ իրենց դիրքեր, այս պահին լարվածությունը թուլացել է։ Հատուկ ուզում եմ ընդգծեմ, որ մինչև ռուսների ժամանումը հայկական զինված ստորաբաժանումները գործել են շատ օպերատիվ, գրագետ ու համարձակ, որի արդյունքում թշնամին կանգնել է։ Այս պահին Գորիսում են ռուս զինվորականներ, ըստ ամենայնի, կժամանի նաև Մուրադովը», - նշեց մեր զրուցակիցը։

Ինչպես արդեն հայտնել էինք, 24News-ին հայտնի դարձած տվյալների համաձայն, ադրբեջանական զինուժը գիշերը առաջ է գնացել Սյունիքի Սև լիճ կոչվող հատվածի ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե նոյեմբեր 9-ի եռակողմ պայմանավորվածության համաձայն այդ հատվածի մի մասն իրենց է պատկանում։ Ադրբեջանցիները ավելի վաղ չէին շարժվել այդ ուղղությամբ, քանի որ տեղը դժվարանցանելի է, իսկ ձմեռային պայմաններում՝ համարյա անհնար տեխնիկայի համար։

Վերջիններս, սակայն, ոչ միայն մտել են «իրենց պատկանող» տարածք, այլ նաև առաջ գնացել։ Հայկական ստորաբաժանումները մի քանի անգամ մտել են բանակցությունների մեջ՝ պահանջելով հետ գնալ, սակայն ադրբեջանցիներն անդրդվելի են մնացել, որից հետո մեր ստորաբաժանումները բերվել են մարտական ամենաբարձր պատրաստության։

Գործին միջամտել է ռուսական կողմը, ում պատկանող ուղղաթիռներն այս պահին պտտվում են տարածքի վրա, որպեսզի թույլ չտան իրավիճակի լարում։ 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն, ըստ էության, հաստատել էր մեր հաղորդած տեղեկությունը` միաժամանակ նշելով. «Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից»: 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս