Սևանում ծխելու համար վեճի ժամանակ 4 անձ է դանակահարվել, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

Հունիսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմանում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի։ Որոշ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք», իսկ հետո՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել ևս 2 քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քնինչները պարզել են, որ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մ․-ն, Դդմաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Տիգրան Շ․-ն, Սևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Տիգրան Դ․-ն և Սևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Արսեն Ա․-ն։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմանում, Սևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մանկապարտեզի հարակից տարածքում Սևանի բնակիչ, 18-ամյա Ռոբերտ Ք․-ն, Սևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Գոռ Ս․-ն, Սևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Նարեկ Կ․-ն, Սևան քաղաքի բնակիչ, 18-ամյա Էդգար Խ․-ն, Սևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Արթուր Խ․-ն վիճաբանել են Նարեկ Մ․-ի, Տիգրան Շ․-ի, Տիգրան Դ․-ի, Արսեն Ա․-ի, Սևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Կամո Ս․-ի, 23-ամյա Միքայել Վ․-ի և ոմն «Աբուլի» հետ։

Ըստ նախնական տեղեկության՝ վիճաբանության ընթացքում Գոռ Ս․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան  Շ․-ին, որից հետո դանակով անկանոն շարժումներ կատարել։ Այդ ընթացքում Ռոբերտ Ք․-ն էլ իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնի տարբեր մասերին մարմնական վնասվածքներ է պատճառել Նարեկ Մ․-ին, ինչից հետո նույնպես շարունակել է հարվածներ հասցնել վիճաբանության մյուս մասնակիցներին։ Օպերատիվ ճանապարհով ձեռք բերված այս տեղեկությունները պարզվում են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ-օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակները հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վիրավորներից 2-ը, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ծխելը։