Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

բենզին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:

Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպանվում է: Օրինակ՝ երեկվա դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում դոլարի դոլարի առքի առավելագույն գինը 490-492 դրամ է, վաճառքինը՝ 498-500 դրամ: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ, հունիսի 21-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.17 դոլար: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ:

Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 222 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 340 դրամ, Ռուսաստանում՝ 337 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 316 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է հավասար գներով:

Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը 32 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ բենզին ներկրել: Բայց ինչպես տեսնում եք, մեզ մոտ իրանական բենզինի գինը գերազանցում է 400 դրամը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ