Մարզպետը և «Դոմ Մոսկվի»-ի տնօրենը քննարկել են Տավուշում ռուսերենի անվճար դասավանդման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

նկար

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան կրթամշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։ 

Ողջունելով հյուրին՝ մարզպետը ներկայացրել է մարզն ու նրա զարգացման ուղղությունները, իր պատրաստակամությունը հայտնել՝ աջակցելու հնարավոր ծրագրերի ու գաղափարների համատեղ իրականացմանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վահրամ Կարապետյանն անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, նշել, որ կենտրոնն իր ծրագրերում հիմնական ուշադրությունը դարձնում է ռուսական մշակույթի ներկայացմանը և ռուսաց լեզվի իմացության խորացմանը Հայաստանում, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը։

Հանդիպմանը քննարկվել են մարզի տարածաշրջանային կենտրոններում 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացներ կազմակերպելու հնարավորությունները։ Նշվել է նաև, որ մշակութային ծրագրերի շրջանակներում կենտրոնի նախաձեռնությամբ մարզի համայնքներում նախատեսվում է կազմակերպել հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում հնարավոր ծրագրերին ու նախագծերին։

--00—ԼՄ