Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան, կգնահատենք դրանք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Այդ մասին կառավարության՝ օգոստոսի 27-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», - ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորականների գործողությունները հարվածում են Փաշինյանի՝ ԱԺ-ում հայտարարած խաղաղության օրակարգին։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի կեսգիշերին մոտ ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները, որոնք իրենց վերահսկողության տակ են անցել նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հետևանքով։ Չնայած դրան՝ այս երկու հատվածներում տեղադրվել էին ռուսական ուղեկալներ՝ մեքենաների անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով։ Իբրև այլընտրանքային դիտարկվում է Տաթևի ճանապարհը, սակայն այն բավականաչափ լայն չէ բեռնատարների ու ավելի մեծ մեքենաների համար։