Արարատի խաղողագործները դժգոհ են խաղողի մթերման գնից. մարզպետը խոստացել է լուծել հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

խաղող

Արարատի Փոքր Վեդի և Լուսաբաց գյուղերի բնակիչներն այսօր կեսօրին մոտ փակել էին Երևան– Արարատ ավտոճանապարհը։

Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է բողոքի ակցիայի մասին լրատվամիջոցներում տարածված լուրերը` միաժամանակ հայտնելով նաև գյուղացիների դժգոհության պատճառը։

Նրա խոսքով` խաղողագործները դժգոհ են խաղողի մթերման գնից ու, ճանապարհ փակելով, իրենց բողոքն են փորձում հասցնել պատկան կառույցներին։

Գյուղապետի խոսքով` մթերող կազմակերպությունն այսօր խաղողի 1 կգ–ը գյուղացուց ընդունում է 110 դրամով, ինչն արդեն իսկ, գյուղացիների մեկնաբանմամբ, ցածր է։ Բացի այդ գյուղացին տարիների փորձով գիտի` նախապես մի գին է հայտարարվում, սեզոնի ընթացքում մթերվում է մեկ այլ գնով։

«Ասում են` հիմա, որ 110 է, մի ամիս–20 օր հետո, որ սկսեցիք զանգվածաբար ընդունել, կդառնա արդեն 80-90 դրամ։ Միայն 100 դրամ այդ խաղողի վրա գյուղացու ծախսն է նստում»,– հայտնել է Նորիկ Մարտիրոսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ակցիան այս պահին արդեն դադարեցված է։ Բողոքող բնակիչների հանդիպել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն իր աշխատակիցների հետ։

«Տեղում կապ են հաստատել մարզպետի հետ։ Մարզպետն ասել է` մինչև չորեքշաբթի այդ հարցին լուծում կտրվի»,– պատմել է գյուղապետը։ Այս խոստումից հետո գյուղացիները բացել են ճանապարհը։

--00--ԱԹ