Հերթական կերուխում՝ հերթական վեճով․ 20-ամյա էրեբունցի է դանակահարվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Սարի թաղի 11-րդ փողոցի տներից մեկում դանակահարություն է եղել: Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց նշված հասցե: Քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցային ահազանգ. հաղորդում էին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել վերոհիշյալ տան 20-ամյա բնակիչը:
Վնասվածքը ծանր էր: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով:

Իսկ մինչ այդ Էրեբունու քրեական հետախույզներն արդեն ստացել էին օպերատիվ տվյալ, և դեպքից ժամեր անց Նոր Խարբերդի 1-ին փողոցից բերման ենթարկեցին Սարի թաղում բնակվող մի երիտասարդի, որը տուժածի ազգականն է: Ըստ նախնական տվյալների` առաջին անգամ չէր, որ երիտասարդները կերուխում էին կազմակերպել, որոնցից հերթականն էլ ավարտվել էր վիճաբանությամբ ու դանակահարությամբ:

Դանակահարողը ներկայացվել է քննչական բաժին, որտեղ խոստովանել է արարքն ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ