Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները փրկել են 21-ամյա տղայի կյանքը, դանակահարողը որոնվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1

Մարտի 16-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում, և նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ 

Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 21-ամյա Էդգար Ադամյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան փողոցից։ 

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր։ 

Պարզվել է, որ Է․ Ադամյանին նշված վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 22-ամյա Արթուր Ղազարյանը Ռոստովյան փողոցի 27 հասցեի շենքի մոտ վիճաբանության ժամանակ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ենթադրյալ կասկածյալ Ա․ Ղազարյանին և հանցագործություան գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

--00—ԼՄ