2018թ․ դեկտեմբերին «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 162 հեռախոսազանգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. դեկտեմբեր ամսին ստացվել է 162 հեռախոսազանգ: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարության «թեժ գծին» զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ Երևան-Ջրառատ երթուղին սպասարկող միկրոավտոբուսների վարորդները չեն հասնում մինչև նախատեսված վերջին կանգառ՝ ուղևորներին իջեցնելով համայնքի սկզբնամասում՝ պատճառաբանելով, որ համայնքային ճանապարհներն անբարեկարգ են: Պարզաբանման նպատակով նախարարություն է հրավիրվել Երևան-Ջրառատ երթուղին սպասարկող փոխադրող կազմակերպության ղեկավարը: Քննարկման արդյունքում պարզվել է, որ Ջրառատ համայնքի ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է, ինչի պատճառով տրանսպորտային միջոցները շարքից դուրս են գալիս: Հարցի լուծման համար անհրաժեշտ է հրատապ վերանորոգել Ջրառատ համայնքի ճանապարհը, որը ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության ենթակայությունից դուրս է: 

Այնուամենայնիվ, փոխադրողը զգուշացվել է երթուղու սպասարկումը չվացուցակին համապատասխան իրականացնելու վերաբերյալ:

«Թեժ գծին» զանգահարած երկու այլ քաղաքացիների դժգոհությունը ևս վերաբերում էր միջմարզային ուղևորափոխադրումներին: Դրանցից առաջինը վերաբերում էր Երևան-Ջրաբեր երթուղին սպասարկող ավտոբուսներին, որոնք, քաղաքացու խոսքերով, առավոտյան և ցերեկային ժամերին ոչ միշտ են պահպանում չվացուցակով սահմանված ժամերը, իսկ երեկոյան ժամերին ընդհանրապես չեն աշխատում:

Սահմանված չվացուցակին չհետևելու վերաբերյալ բողոք է ստացվել նաև Երևան-Արտաշատ երթուղու վերաբերյալ: 

Նշված բողոքներն ուղարկվել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որի կողմից իրականացվել է տեսչական վերահսկողություն, իսկ փոխադրողներին զգուշացվել է երթուղիների սպասարկումն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան: 

Չարենցավան-Երևան ճանապարհահատվածում ձնամաքրման աշխատանքների  ոչ պատշաճ կատարման վերաբերյալ քաղաքացու բողոքին էլ անմիջապես արձագանքել է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը և տվել համապատասխան պարզաբանում: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային ավնադողերով և պահպանել ավտոճանապարհներին սահմանված արագությունը: 

Նույն ժամանակահատվածում 158 քաղաքացիներ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: