Անցկացվել է սպորտային պարերի Հայաստանի ակումբային բաց առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

սպորտային պարեր

«Կրիստալ» սպորտային պարերի ակումբի նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է սպորտային պարերի Հայաստանի ակումբային բաց առաջնությունը, որին մասնակցել են բազմաթիվ երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: «Կրիստալ» սպորտային պարերի խմբի ղեկավար, Հայաստանի պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի մրցավար, մարզիչ Ժորա Մխիթարյանի փոխանցմամբ` այս տարի մասնակցության թվով զգալի ակտիվություն է նկատվել։ Շուրջ 500 երեխա է մասնակցել:

 Հայաստանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 6-րդ անգամ։ Ընդ որում, այս տարի մեծ թվով մասնակիցներ են եղել ոչ միայն Երևանից, այլև Արմավիրից, Գյումրիից, Արցախից, ինչը շատ ողջունելի է. «Սովորաբար ունենում ենք նաև հյուրեր արտերկրից, բայց այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, դրսից մասնակցիներ չենք ունեցել։ Ամենամյա բաց առաջնության նպատակը սպորտային պարերի մասսայականացումն է և զարգացումը։ Նման մրցումներով փորձում ենք խթանել սպորտային պարերի զարգացումը Հայաստանում»։

Ըստ Մխիթարյանի` սպորտային պարերը, համավարակով պայմանավորված, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում զարգացման խնդիր ունեն, սակայն այս շրջանում մեր երկրում գործող ակումբները սկսել են շատ ակտիվ աշխատել, վերականգնվել, և այդ առումով դրական դինամիկան նկատելի է։ 

«Մեր մարզաձևը պետական ֆինանսավորում չունի, ինչի պատճառով միջազգային մրցաշարերին մասնակցությունը խնդիր է։ Մասնակցում ենք, բայց քիչ թվով մրցումների, այն էլ մեր անձնական միջոցներով: Փորձում ենք ամեն ինչ անել, որ մեզ մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնեն»,- նշում է մարզիչը` միաժամանակ ընդգծելով, որ  Հայաստանն ունի պրոֆեսիոնալ պարողներ, որոնք կարող են պատվով ներկայացնել երկիրը տարբեր մրցաշարերում:

պարեր

պարեր

--00--ԱԹ

Տեսանյութեր