Նազելի Բաղդասարյանը, գալով Շիրակ, փորձելու է եղբորը նշանակել քաղաքապետ. Կարապետ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Կարապետ Պողոսյան

«Դեռ քարոզարշավի ժամանակ ասել եմ, որ պատահական չէր Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ Արման Բաղդասարյանի՝ ավագանու երկրորդ համար գնալը, պատահական չէր և քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի՝ ավագանու առաջին համարից ինքնաբացարկը, որի պատճառով ինքնըստինքյան ՔՊ-ի ցուցակի ավագանու առաջին համարը գլխավորեց Բաղդասարյանի եղբայրը»,- այս մասին 24News-ին ասաց «Թասիբով» դաշինքի ավագանու թեկնածու Կարապետ Պողոսյանն՝ անդրադառնալով Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին:

«Նազելի Բաղդասարյանի եղբորը՝ Արման Բաղդասարյանին, եթե փոխքաղաքապետ չնշանակեն, նա շարունակելու է լինել ՔՊ ավագանու ցուցակը գլխավորողը, և առաջիկայում հաստատ կգտնեն ձև՝ «Բալասանյան» դաշինքն առաջնորդող Վարդգես Սամսոնյանի նկատմամբ մի թեթև քրեական գործ կհարուցեն, կստիպեն՝ հեռանա, և արագ ավագանու կազմով իրենք կկարողանան իրենց ուզածին հասնել, նրա եղբորը դարձնել քաղաքապետ»,- նշեց Պողոսյանը:

Անդրադառնալով Նազելի Բաղդասարյանի՝ Շիրակի մարզպետ նշանակվելու մասին լուրերին՝ Պողոսյանն ընդգծեց, որ այդ նշանակումից Շիրակի մարզը չի շահի ավելին՝ խիստ կտուժի.

«Բաղդասարյանին մարզպետ նշանակելով՝ իշխանությունը մարզի համար լավ քայլ չի անում, այսօր իշխանությունն ունի շատ լուրջ  լեգիտիմության դեֆիցիտ և փորձում է իր հավատարիմների միջոցով ինչ-որ ձևով պահպանել իր իշխանության մասնիկները: Միևնույն ժամանակ Նազելի Բաղդասարյանը, գալով Գյումրի, փորձելու է քաղաքապետարանի հարցերը լուծել, իսկ ավագանու կազմում իրենք այդ հնարավորությունն ունեն: Ցիտեմ ՔՊ-ականների խոսքերն՝ ուսապարկերի փոփոխությունից որևէ բան չի փոփոխվելու, իսկ այսօր երկիրը խորը ճգնաժամի մեջ է: Լինեն Նազելի Բաղդասարյանը, Տիգրան Պետրոսյանը, թե Հովհաննես Հարությունյանը՝ Շիրակի մարզին ոչինչ չեն տալու: Իրենք իշխանության եկած ժամանակից մարդկանց վրա քրեական գործեր են կարել, ու քանի որ իշխանությունն ունի դեֆիցիտ, նա ավելի արդյունավետ կաշխատի ուժայինների հետ, կկարողանա քրեական գործեր կարել և ժողովրդի աչքին թոզ փչել»:

Խոսելով ՔՊ-ի և «Բալասանյան» դաշինքի հուշագրի ստորագրման մասին՝ Պողոսյանը նկատեց.

«Չպետք է միամիտ լինել և կարծել, որ «Բալասանյան» դաշինքն առանձին քաղաքական ուժ է և կարող է ՔՊ-ին ընդդիմադիր լինել: Սամվել Բալասանյանն իր կենսագրության մեջ ընդդիմադիր չի եղել, դաշինքի անդամները երբեք աչքի չեն ընկել ընդդիմադիր հայացքներով: Մենք գիտենք ու ճանաչում ենք բոլորին, միայն «Թասիբով» դաշինքն է, որ ընտրություններին իշխանություններին դեմ է դուրս եկել:

Նույնիսկ արմատական շատ ընդդիմադիր քաղաքական ուժեր աշխատել են իշխանական պրոյեկտների համար: Առաջիկայում լայնածավալ ասուլիսով հանդես կգանք և կներկայացնենք նաև չակերտավոր ընդդիմադիրների մասին, որոնք իշխանության ջրաղացին ջուր են լցրել և ծառայություններ մատուցել»:

--00--ԱԹ