Խոշոր վթար Աբովյան քաղաքում, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Հասարակական

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում 25-ամյա Արշակ Ղուկասյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտա-Երևանյան փողոց-Արզնի խճուղի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, տապալել այն, ապա բախվել կայանված վիճակում գտնվող 24-ամյա Սարգիս Խաչատրյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Սլավիկ Հարությունյանին պատկանող ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Mercedes-ի վարորդը քաղաքացիների և վթարի վայրում գործող թունաքիմիկատների խանութի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Նիվայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, սակայն խանութի աշխատակիցներին հաջողվել է օպերատիվորեն  նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։  Նյութական խոշոր չափի վնաս է կրել նաև թունաքիմիկատների խանութը։