Իրավական հիմքով անկլավի հարց չկա. ԱԽ քարտուղարը` սահմանագծման, ՀԱՊԿ-ին դիմելու և այլնի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը չի կարողանում դրսևորել քաղաքական այնպիսի կամք, որ հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջ տանել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` նշելով, որ Ադրբեջանն իր հայտարարություններով տորպեդահարում է եռակողմ աշխատանքային խումբը:

Դիտարկմանը, թե Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որը կհրապարակվի, սակայն կարծես թե այն չկա, Գրիգորյանը նշել է` ՀՀ-ն դարձյալ կոնստրուկտիվ է, մինչդեռ Ադրբեջանը չի կարողանում դրսևորել քաղաքական այնպիսի կամք, որ հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջ տանել: 

Պայմանավորվածությունները բխում են նոյեմբերի 9-ի. հունվարի 11-ի և Սոչիի համաձայնություններից: 

Բաքուն նախապայմաննե՞ր է առաջ քաշում

«Չեմ կարող ընդհանուր ասել հստակ թեմաները, բայց եթե չեն կարողացել առաջ գնալ, կարծում եմ` Ադրբեջանն այս հարցում կոնստրուկտիվ չի եղել»

Գերիների հարցը

«Սոչիի հայտարարության մեջ գերիների մասին ուղիղ խոսք չկա, բայց նշվեց` զգալի առաջընթաց է արձանագրվել հումանիտար հարցերով». այս դիտարկմանը Գրիգորյանը պատասխանել է.

«Հումանիտար միակ հարցը, որ չի լուծվել, գերիների հարցն էր, և կարծում եմ` բոլորը, երբ ասում են հումանիտար հարց, նկատի ունեն գերիների հարցը, քանի որ միակը, որ չի լուծվել, դա է: Այդ մասին հայտարարել են Ադրբեջանի և ՌԴ նախագահները, սպասենք, տեսնենք` ինչպես է արտահայտվում»:

Տարածված թեզի մասին, թե` Ադրբեջանը շտապում է գնալ սահմանագծման

«Այդ թեզը տարածող մարդիկ, հուսով եմ, գոնե մայիսի 12-ից ՀՀ-ում են ապրում, երբ այս ճգնաժամը ստեղծվեց, ՀՀ-ն հայտարարեց, որ պատրաստ է սահմանագծման ու սահմանազատմանը: Նշվում էր, թե իբր սահմանազատման հետ կապված ՀՀ-ում կատաստրոֆիկ  գործընթացներ են լինելու, բայց երբ փաստաթուղթը հրապարակվում է, կրքերը հանդարտվում են:

Լեգիտիմ հիմք ունեցողը խորհրդային քարտեզներն են, որ պետք է օգտագործենք սահմանազատման-սահմանագծման գործընթացում, նաև անհրաժեշտություն կա սահմանային կայունություն ձևավորել, դրա համար պետք է, որ զորքերը հայելային հետ քաշվեն:

Մենք վերջերս ՌԴ-ին ու Ադրբեջանին առաջարկներ ենք փոխանցել, դրանց իմաստն է, որ  զորքերը հայելային հետ են քաշվում, այդտեղ տեղակայվում են սահմանապահ զորքեր, մենք նույնիսկ առաջարկել ենք, որ սահմանապահ զորքերի քանակը սահմանափակված լինի` կիլոմետրի վրա իքս քանակ, անգամ զենքը սահմանափակում ունենա, և կարողանանք սահմանին հնարավորինս հանդարտություն ապահովենք:

Ադրբեջանից մայիսից մինչ օրս ոչ մի դրական ազդակ չենք ստացել, բայց կարծում ենք` նաև միջազգային հանրությունը պետք է դրական դերակատարություն ունենա, քանի որ նրա բացակայությունը բերում է պարբերաբար էսկալացիայի»:

Երևանը պատրա՞ստ է անկլավների փոփոխության հարց քննարկել

«Նախ` պետք է պարզել` անկլավներ կա՞ն, թե չէ. որովհետև մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի, մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց մեր ձեռքի տակ եղած ինֆորմացիոն ողջ փաթեթով անկլավների հարց չկա, հնարավոր է` համայնքի կամ սովխոզի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրավական հիմք չունի: Իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որ գոյություն են ունեցել 20-ականներից մինչև 70-ականներ, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի հարց չկա: Կա նաև Արծվաշենի հարցը, այստեղ հնարավորություն կա քննարկումներ ծավալել, մենք պատկերացնում ենք հստակ մեր սահմանը»:

Մոսկվային, ՀԱՊԿ-ին պաշտոնական դիմում եղե՞լ է, թե՞ ոչ

«Մենք մայիսի 12-ից դիմել ենք, դիմման գործընթացն ընթացքի մեջ է, շարունակում ենք ակնկալել աջակցություն, որ կարողանանք այս հարցը լուծել, դիվանագիտական ճանապարհով պատրաստ ենք լուծել, եթե չի լուծվում, պիտի մտածենք այլ տարբերակներ, ակնկալում ենք աջակցություն մեր գործընկերներից:

Մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, սա մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է, հարցը չի լուծվել»:

ՀՀ-ն դիմել է Մոսկվային` Թուրքիայի հետ խոսակցություն սկսելու համար: Ինչո՞ւ ոչ ուղիղ խոսակցություն Անկարայի հետ կամ ինչո՞ւ չեն դիմել այլ միջնորդի

«Թուրքիայի հետ խոսակցությունը երկարաժամկետ ենթադրում է նաև ուղիղ խոսակցություն, այսինքն` պետք է սկսել ինչ-որ հարթակի միջոցով, հետագայում, եթե հնարավոր լինի, ուղիղ խոսակցություն ունենալ: Ինչո՞ւ Մոսկվային դիմեցինք. այս պահին քննարկելով բոլոր հնարավոր տարբերակները և հաշվի առնելով Թուրքիայի վարքագիծը` ընտրել ենք այդ տարբերակը»:

--00--ԱԹ