Բայրամովը Միրզոյանի հետ չի հանդիպել. «պատճառը» հայ պատգամավորների` Արցախ այցելությունն է

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

Միրզոյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով հարցին, թե ինչու Ստոկհոլմում չկայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, հիշեցրել է, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ անդամ երկրների նախարարական 28-րդ նստաշրջանից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումն անցկացնել:

Պարզվել է, որ «Ադրբեջանը միշտ կողմ է երկխոսելուն», ու նախորդ հանդիպումներին` Նյու Յորքում, Մինսկում, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարը «փոխանցել է իրենց դիրքորոշումը` կապված հետհակամարտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցի հետ»: 

Դեկտեմբերի 3-ին նախատեսված հանդիպումից ժամեր առաջ, սակայն, Հայաստանն, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, սադրանքի է դիմել, քանի որ տեղեկություն է հայտնվել` կապված հայ խորհրդարանականների «ապօրինաբար» «Ադրբեջանի տարածք» այցելելու հետ:

Այսպիսով, ադրբեջանական կողմը, «ի պատասխան Հայաստանի սադրանքի», «նպատակահարմար չի գտել» Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկացումը:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունը` ԱԺ պատգամավորներին Ստեփանակերտ գործուղելու մասին:

Ըստ այդ կարգադրության` «Համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 3-5-ը Ստեփանակերտ են գործուղվել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Լիլիթ Գալստյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Հակոբ Ասլանյանը, Կնյազ Հասանովը, նույն հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Մարինե Հակոբյանը և Ազգային ժողովի պատգամավորի օգնական Անուշ Բարեղամյանը»:

--00--ԱԹ