Հիշատակի արժևորումը առաջին հերթին պետք է լինի գործով՝ հանձին տուժած բնակավայրերի վերածննդի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ուղերձ է հրապարակել Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, բեկեց հարյուր հազարավոր ճակատագրեր և իրենից հետո թողեց աղետի գոտի:

Ծնված և մեծացած լինելով Գյումրիում՝ ինքս անմիջականորեն զգացել եմ երկրաշարժի ծանր բեռը, սեփական աչքով տեսել մարդկանց կրած զրկանքներն ու դառնությունները: Անձնականի վերածված հանրային այդ ցավը չի կարող լքել որևէ անհատի, որն ազդվել է այդ արհավիրքից կամ գոնե իր աչքով է տեսել աղետի գոտին: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին մենք վերապրում ենք աղետին զոհ դարձած մեր հայրենակիցների առջև ունեցած պարտքի զգացումը՝ ստեղծելու բարեկեցիկ և առողջ միջավայր բոլորի, առաջին հերթին՝ նրանց սերունդների համար: Ուզում եմ շեշտել, որ աղետի գոտու բնակավայրերում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթությունների շարքում՝ ապրուստի պատշաճ պայմաններ ստեղծելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար:

Վերստին արտահայտելով իմ խոնարհումը նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առաջ՝ վերահաստատում եմ հանձնառությունս՝ ջանք չխնայել երկրաշարժի հետևանքների վերացման հարցում, որովհետև նրանց հիշատակի արժևորումը, կարծում եմ, առաջին հերթին պետք է լինի գործով՝ հանձին Սպիտակի, Գյումրու և մյուս տուժած բնակավայրերի վերածննդի»:

--00—ԼՄ